News

...

Դիվանագիտական հարթակ 04.02.2017

«Հանրային դիվանագիտության դպրոցում» սույն տարվա փետրվարի 4-ին անցկացվեց առաջին և երկրորդ խմբերի ավարտական քննությունը՝ «Դիվանագիտական հարթակը», որը յուրահատուկ ձևաչափ է՝ մշակված դպրոցի կողմից: «Դիվանագիտական հարթակի» անցկացման ողջ գործընթացը գնահատում էին դպրոցի փորձագետներ Հայկ Նահապետյանը, Մարինա Մկրտչյանը, Արման Բոշյանը, Լիլիթ Ճուղուրյանը, Դավիթ Բայրամյանը և Աղասի Թավադյանը: Գնահատող հանձնաժողովի նախագահն էր «Հանրային դիվանագիտության դպրոցի» ղեկավար Տիգրան Շադունցը, ով իր բացման խոսքում նշեց, որ դպրոցն իր գործունեության շատ կարճ ժամանակահատվածում արդեն իսկ հասցրել է գրանցել բազմաթիվ հաջողություններ, որոնք, սակայն, չեն սահմանափակվում միայն «Հանրային դիվանագիտության դպրոցի» ձևաչափով: Նա նշեց, որ դպրոցին կից շուտով բացվելու են նաև «Իրավագիտության դպրոցը» և «Ֆինանսական դպրոցը»:
Դիվանագիտական հարթակը բաղկացած էր երեք հաջորդական փուլերից: Այս փուլերը ներառում էին ծրագրերի ներկայացում, ֆորմալ և ոչ ֆորմալ դեբատներ, մասնակիցերի ամփոփիչ խոսք և փորձագետների կարծիքներ: «Հանրային դիվանագիտության դպրոցի» երկու խմբերի մասնակիցներից ձևավորվել էին երեք աշխատանքային թիմեր, որոնք պետք է պատրաստեին ծրագրերի նախագծեր՝ նախապես հանձնարարված թեմայով: 
Առաջին փուլում ծրագրեր պատրաստած թիմերը ներկայացրեցին դրանք՝ փորձելով գործնականում կիրառել դասընթացների ընթացքում ձեռք բերված փորձն ու գիտելիքները:



Ծրագրերի ներկայացմանը հաջորդած ֆորմալ դեբատների փուլն անցկացվեց հարց ու պատասխանի ձևաչափով: Այս փուլը ենթադրում էր հարցեր հակառակորդ թիմերին` նպատակ ունենալով բացահայտել տվյալ ծրագրի թերություններն ու բացթողումները: Մասնակիցները կարող էին կողմ կամ դեմ արտահայտվել՝ բերելով հավաստի ու հիմնավոր փաստարկներ: Այս փուլի վերջում փորձագետները, ովքեր գնահատում էին ծրագրերը, ևս հարցեր ուղղեցին թիմերի անդամներին: 
Ոչ ֆորմալ դեբատների ժամանակ մասնակիցների միջև տեղի ունեցավ շփում-քննարկում ոչ ֆորմալ միջավայրում: Մասնակիցները նաև հնարավորություն ունեցան խոսել փորձագետների և գործընկերների հետ` փորձելով ձեռք բերել նրանց հավանությունը:

«Դիվանագիտական հարթակի» ավարտին փորձագետները խոսեցին ներկայացված ծրագրերի առավելությունների, թերությունների, ինչպես նաև իրականացման առանձանահատկությունների մասին, որից հետո անցկացվեց քվեարկությունը, ընդ որում, ձայնի իրավունք ունեին նաև դպրոցի մյուս խմբերի ունկնդիրները: Քվեարկության ընթացքում հաշվի էին առնվում ինչպես ծրագրերի բովանդակությունը, այնպես էլ ոճն ու այն ճիշտ ներկայացնելու և մատուցելու հմտությունները: 
Փորձագետները շնորհավորեցին հաղթող թիմին և նշեցին, որ ծրագրի իրագործմանը կունենան իրենց ակտիվ մասնակցությունն ու ներդրումը:










Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.