News

...

Դիվանագիտական հարթակ Երրորդ և Չորրորդ խմբեր 18.03.2017

«Հանրային դիվանագիտության դպրոցում» սույն տարվա մարտի 18-ին անցկացվեց երրորդ և չորրորդ խմբերի ավարտական քննությունը՝ «Դիվանագիտական հարթակը», որը յուրահատուկ ձևաչափ է՝ մշակված դպրոցի կողմից: 
«Դիվանագիտական հարթակի» անցկացման ողջ գործընթացը գնահատում էին դպրոցի փորձագետներ Մարինա Մկրտչյանը, Արման Բոշյանը և Ռոբերտ Խաչատրյանը, ինչպես նաև քննական հանձնաժողովի նախագահ Տիգրան Շադունցը: Բացման խոսքով հանդես եկավ ավարտական քննության գնահատող հանձնաժողովի նախագահ, «Հանրային դիվանագիտության դպրոցի» գլխավոր տնօրեն Տիգրան Շադունցը, ով նախ նշեց, որ սա թվով երկրորդ ավարտական քննությունն է և որ դպրոցն իր գործունեության շատ կարճ ժամանակահատվածում արդեն իսկ հասցրել է գրանցել բազմաթիվ հաջողություններ, որոնք, սակայն, չեն սահմանափակվում միայն «Հանրային դիվանագիտության դպրոցի» ձևաչափով: Արդեն իսկ իր հաջող ընթացքն է սկսել «Իրավագիտության դպրոցը», իսկ «Ֆինանսական դպրոցի» առաջին խմբի դասերը կմեկնարկեն ապրիլից:


Ներկայացվեց Դիվանագիտական հարթակի անցկացման կարգը, որը ենթադրում է երեք հաջորդական փուլեր: Նախ և առաջ դպրոցի երկու խմբերից ձևավորվել էին երեք աշխատանքային խմբեր, տրվել էին ծրագրերի կազմման հստակ առաջադրանքեր: Թիմերին նաև կցվել էին խորհրդատուներ ինչպես մեր փորձագետներից, այնպես էլ դպրոցի աշխատակազմից: Առաջին փուլում խմբերը ներկայացրեցին ծրագրերը, ապա ֆորմալ և ոչ ֆորմալ դեբատների միջոցով պաշտպանեցին դրանք: Այս փուլերին հաջորդեցին մասնակիցերի ամփոփիչ խոսքն ու փորձագետների կարծիքները: 
«Առաջին փուլում ծրագրեր պատրաստած թիմերը ներկայացրեցին դրանք՝ փորձելով գործնականում կիրառել դասընթացների ընթացքում ձեռք բերված փորձն ու գիտելիքները:
 Ծրագրերի ներկայացմանը հաջորդած ֆորմալ դեբատների փուլն անցկացվեց հարց ու պատասխանի ձևաչափով: Այս փուլը ենթադրում էր հարցեր հակառակորդ թիմերին` նպատակ ունենալով բացահայտել տվյալ ծրագրի թերություններն ու բացթողումները: Մասնակիցները կարող էին կողմ կամ դեմ արտահայտվել՝ բերելով հավաստի ու հիմնավոր փաստարկներ: Այս փուլի վերջում փորձագետներն, ովքեր գնահատում էին ծրագրերը, ևս հարցեր ուղղեցին թիմերի անդամներին: 
Ոչ ֆորմալ դեբատների ժամանակ մասնակիցների միջև տեղի ունեցավ շփում-քննարկում ոչ ֆորմալ միջավայրում: Մասնակիցները նաև հնարավորություն ունեցան խոսել փորձագետների և գործընկերների հետ` փորձելով ձեռք բերել նրանց հավանությունը: 
«Դիվանագիտական հարթակի» ավարտին փորձագետները խոսեցին ներկայացված ծրագրերի առավելությունների, թերությունների, ինչպես նաև իրականացման առանձանահատկությունների մասին, որից հետո անցկացվեց քվեարկությունը, ընդ որում, ձայնի իրավունք ունեին նաև դպրոցի մյուս խմբերի, ինչպես նաև Իրավագիտության դպրոցի ունկնդիրները: Քվեարկության ընթացքում հաշվի էին առնվում ինչպես ծրագրերի բովանդակությունը, այնպես էլ ոճն ու այն ճիշտ ներկայացնելու և մատուցելու հմտությունները, խմբային աշխատանքը, ծրագրի նյութի յուրացումը, խոսքի տրամաբանական փոխկապակցվածությունը, ստեղծագործական մտածողությունը, արագ կողմնորոշվելու ընդունակությունը, հաղորդակցության արդյունավետությունը, բանկցային հմտություններն ու հռետորությունը: 
Փորձագետները շնորհավորեցին հաղթող թիմին և նշեցին, որ ծրագրի իրագործմանը կունենան իրենց ակտիվ մասնակցությունն ու ներդրումը:




Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.