News

...

Մարինա Մկրտչյան Ահաբեկչության դեմ պայքարի արդի միջոցներ 28.02.2017

«Ահաբեկչության դեմ պայքարի արդի միջոցները» թեմայով վարպետաց դասը «Հանրային դիվանագիտության դպրոցի» առաջին կուրսի չորրորդ և հինգերորդ խմբերում անցկացվեց սույն թվականի փետրվարի 28-ին: Վարպետաց դասը վարում էր փորձագետ Մարինա Մկրտչյանը:
Փորձագետն առաջին հերթին անդրադարձավ վերջին տարիների ամենաաղմկահարույց ահաբեկչական գործողություններին: Հատկապես մեծ ուշադրության արժանացան «Իսլամական պետության» կողմից կազմակերպված գործողությունները եվրոպական մի շարք քաղաքներում: Քննարկվեցին այս ահաբեկչությունների պատճառներն ու հետևանքները, ինչպես նաև կազմակերպման և իրականացման մեթոդները:
Մարինե Մկրտչյանը ներկայացրեց աշխարհում գործող ամենամեծ ահաբեկչական կազմակերպությունները` Ալ Քաիդա (Ալժիր, Յեմեն, Իրաք, Աֆղանստան), Իսլամական պետություն(Սիրիա և Իրաք), Բոկո Հարամ (Նիգերիա), Թալիբներ (Պակիստան և Աֆղանստան): Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց Իսլամական պետությանն ու Սիրիրայում ծավալվող գործողություններին, միջնորդների դերակատարությանն ու ազդեցությանը խնդրի կարգավորման գործընթացում: Վարպետաց դասի շրջանակներում անդրադարձ կատարվեց ամենամեծ ահաբեկչական գործողություններին` ըստ զոհերի քանակի` 2001թ. սեպտեմբերի 11, դպրոցի գրավում Բեսլանում, Բոինգ 747 ինքնաթիռի պայթեցում և այլն:


Մարինա Մկրտչյանը նաև ներկայացրեց ահաբեկչական կազմակերպությունների կողմից մարդկանց հավաքագրման գործընթացը` նշելով, թե հասարակական որ խմբերն են գտնվում վտանգավոր գոտում՝ հատկապես գործազուրկները, սոցիալական ու ֆինանսական դժվարություններ ունեցող անձինք: Հիմնվելով դասի առաջին հատվածում քննարկված իրական դեպքերի վրա` փորձագետը ամփոփիչ նկարագրություն տվեց ահաբեկչության տեսակներին և առաջարկեց միջոցներ դրանցից պաշտպանվելու համար: 
Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ նշվեց, որ մեր տարածաշրջանում ևս առկա է ահաբեկչության վտանգը, ուստի փորձագետն անդրադարձավ «Ահաբեկչության դեմ պայքարի» մասին ՀՀ օրենքին, որն ընդունվել է 2005թ. ապրիլի 19-ին: 
Դասի վերջում դպրոցի ունկնդիրները մասնակցեցին մտքերի մենամարտի` փորձագետի կողմից առաջարկված թեմայի շուրջ: Գործի դնելով պայքարի փափուկ և կոշտ տեսակները` մասնակիցները փորձեցին լուծումներ առաջարկել ահաբեկչական գործողության հետ առնչվող բարդ իրավիճակի:



Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.